ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ, ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Տեղադրված է at 09:57
789 0

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարը, Ազգային Ժողովի ամբիոնից օրերս հայտարարեց՝ «Այլեւս պատճառ չկա Հայաստանի հանդեպ շրջափակում կիրառելու: Ինչպես գիտեք շրջափակումը եւ սահմանները փակելը թուրքական կողմը պայմանավորում էր Արցախի ստատուս-քվոյով, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահելու Հայաստանի ուղղությամբ»:

 

Արցախի ու հայ ժողովրդի դեմ թուրք-ազերիական ճամբարի սանձազերծած պատերազմի ամբողջ ընթացքում եւ դրանից հետո, հայրենի իշխանությունները, միջազգային հանրության եւ օտար պետությունների առջեւ, ամենաբարձր մակարդակով, օրնիբուն  բարձրաձայնում են ու մատնացույց անում այն հանգամանքը, որ պատերազմը ծրագրավորել, համակարգվել եւ ղեկավարվել է թուրքական իշխանությունների կողմից, իրավացիորեն պնդելով, որ ռազմական գործողություններին անմիջականորեն մասնակցել են նաեւ թուրքական զինված ուժերի հատուկ ստորաբաժանումներ եւ նրանց կողմից հովանավորված վարձկան հրոսակախմբեր:

 

Արցախի Հանրապետության հողային տարածքի մոտ 75 %-ի կորստից, 5000 զոհերի, 10000 վիրավորների, հարյուրավոր գերեվարվածների եւ անհայտ կորածների իրողությունից անցել է ընդամը երեք ամիս, եւ հայրենի պետության արտաքին գերատեսչության ղեկավարը գիտակցաբար անտեսում է թուրքական գործոնի ներգրավվածությունն այս ամենում, կասկածելի միամտությամբ եւ հիշողության կամավոր կորստի ցայտուն դրսեւորմամբ՝ փաստացի հորդորում է Թուրքիային, թե նա նոր իրողությունների լույսի ներքո, ինչպիսի վարք պետք է ցուցաբերի Հայաստանի հանդեպ:

 

Հետեւաբար՝ երեք ամիսները բավարա՞ր էին, որ այս ամենը սառնասրտորեն մոռացության տրվի կամ հեշտորեն շրջանցվի ու ինքնակամ թուրքական բարեհաճությունը մուրացողի կարգավիճակ որդեգրվի՞:

 

Պարոնա՛յք, ու՞ր մնացին ձեր պետական արժանապատվությունը, ազգային ինքնասիրությունը, քաղաքական պատիվն ու կորովը, իսկ եթե հիշյալներից իսպառ հրաժարվել եք կամ ընդհանրապես չունեիք, ապա ո՞ւր մնաց գոնե մարդկային տարրական բարոյականությունը՝ եթե երբեւէ ունեցել եք:

 

Եթե անսահման ջերմեռանդությամբ ցանկանում եք գետնաքարշորեն նվաստանալ թուրքերի առաջ, ապա խորը մտորելու եւ խիստ մտատանջվելու կարիք չունեք:

Բավական կլինի արգելել ապրիլի 24-ի համաժողովրդական երթը դեպի Ծիծեռնակաբերդ, փակել Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, հրամանագրով չեղարկել Ցեղասպանության հիշատակման բոլոր միջոցառումները, հավանաբար՝ թաքուն խոստանալ նաեւ հարմար պահի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը վերացնելու մասին, եւ թերեւս ստանաք թուրքերի բարեհաճ վերաբերմունքը ու ձեր դիմաց բացվեն եդեմի դռները ցանկալի ու սկսեք գրկաբաց եղբայրություն խաղալ ձեր սիրելի հարեւանի հետ:

 

Արդյոք, նույն տրամաբանության դրսեւորո՞ւմն է այն փաստը, որ 21-րդ դարում Հայաստանի Հանրապետությունում, Հայաստանի պատկան իշխանությունները, հանձինս Ազգային ԱՆ-վտանգության Ծառայության, արգելում են ազգային բովանդակությամբ հրատարակությունների արտահանումը Հայաստանից:

Այո՛, փաստացի տվյալներով, հիշյալ ծառայությունը օրերս արգելել է վերոնշյալ բովանդակությամբ որոշ գրքերի արտահանումը Հայաստանից։

 

Կոչ ենք անում զանգվածային լրատուամիջոցներին, իսկական մտավորականությանը եւ բոլոր սրտացավ հայրենասերներին բարձրաձայնել իրենց բողոքն այս ամենի դեմ։

 

Եւ ի տես այս բոլորին, սրտի անհուն մղկտանքով արձանագրում ենք՝

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,

ՅՈ՞ ԵՐԹԱՍ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ:

 

12 փետրվար 2021

 

ՀԱՅԿԱԿԱՆ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՇԱՐԺՈՒՄ – ԼԻԲԱՆԱՆԻ եւ ՍԻՐԻԱՅԻ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Գյումրիի ՏԻՄ ընտրություններ

Տեղադրվել է - Հոկտեմբեր 18, 2021 0
Կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոսն է, իսկ դաշինքների համար՝ 6: Ընտրություններին մասնակցում էր 10 քաղաքական ուժ։ Ըստ բոլոր տեղամասերից…

ՀԱՂՈՐԴԱԳՐՈՒԹԻՒՆ

Տեղադրվել է - Մայիս 4, 2021 0
Սոյն թուականի մայիսի 1-ին տեղի ունեցաւ համագործակցող «Ազգային ինքնորոշում» միավորման, «Արդարություն», «Ժառանգություն», «Ժողովրդավարական հայրենիք», Հայ կառուցողական, «Հայրենիք և պատիվ» և…

Հուշագիր

Տեղադրվել է - Նոյեմբեր 1, 2021 0
«Արդարություն» կուսակցությունը և «Քաղաքացու որոշում» սոցիալ֊դեմոկրատական կուսակցությունը կնքում են սույն հուշագիրը միասնաբար հանդես գալու Գավառ, Արթիկ և Փարաքար համայնքների Տեղական…

ՃԳՆԱԺԱՄԻ ՀԱՂԹԱՀԱՐՈՒՄ, Քայլ 3

Տեղադրվել է - Հունվար 21, 2021 0
Առկա իրավիճակում շատ կարևոր է ՀՀ Քաղաքացիների անվտանգությունը ապահովելը և անվտանգության զգացողությունը բարձրացնելը: Մասնագիտական ճիշտ նախագծված, կառուցված և կազմակերպված անվտանգության…

Պատասխան Իլհամ Ալիևին.

Տեղադրվել է - Ապրիլ 9, 2021 0
Այսօր առավոտյան կարդացի ձեր այն հայտարարությունը, որում ըստ էության ասում եք, որ ունեք եռակողմ համաձայնություն և որ Հայաստանը չի կարող…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code