ՆԳՆ շրջիկ գրասենյակները սեպտեմբերի 25-ին կաշխատեն Ստեփանավանում և Արարատում
Ներքին գործերի նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակները սեպտեմբերի 25-ին ծառայություններ կմատուցեն Լոռու մարզի Ստեփանավան և Արարատի մարզի Արարատ համայնքներում։
Երկու համայնքներում էլ սպասարկումը կիրականացվի ժամը 10։30-ից 16։00-ն՝ համայնքապետարանների հարևանությամբ։
Քաղաքացիները շրջիկ գրասենյակներում կարող են փոխանակել անձնագիրը, ստանալ ժամանակավոր պաշտպանության վկայական և տեղեկանքներ։ Հասանելի կլինեն նաև վարորդական իրավունքի, սեփականության ու հաշվառման վկայականների փոխանակման կամ կորստի դեպքում նոր փաստաթուղթ ստանալու և հաշվառման-քննական այլ ծառայություններ։
ՆԳՆ-ն հայտնել է նաև, որ նույն օրը շրջիկ գրասենյակները Բյուրեղավան և Վարդենիս համայնքներում կհանձնեն սեպտեմբերի 17-ին ընդունված դիմումների շրջանակում պատրաստված փաստաթղթերը։
Աղբյուր՝ ՀՀ ներքին գործերի նախարարություն
Գլխավոր նկարը թեմատիկ է և չի ներկայացվում որպես ՆԳՆ շրջիկ գրասենյակի փաստագրական լուսանկար։ Լուսանկար՝ Matthew LeJune / Unsplash։