Անցնել բովանդակությանը
Ինչ են գրում

Պրոֆեսիոնալ բանակը միայն պայմանագրային զինվոր չէ․ Էդուարդ Առաքելյան

Հայաստանի զինված ուժերի անցումը ավելի արհեստավարժ մոդելի չի կարող սահմանափակվել միայն պայմանագրային զինծառայողների թվի ավելացմամբ։ Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոնի փորձագետ, ռազմական վերլուծաբան Էդուարդ Առաքելյանը, անդրադառնալով ՀՀ ԶՈւ 2024–2035 թվականների կերպափոխման հայեցակարգին, ուշադրություն է հրավիրում բանակի կառավարման, պատրաստության և կադրային համակարգերի միաժամանակյա փոփոխության անհրաժեշտության վրա։

Առաքելյանի գնահատմամբ՝ պայմանագրային ծառայությունն ինքնին դեռևս պրոֆեսիոնալ բանակ չի ստեղծում։ Արհեստավարժացումը պետք է ուղեկցվի զինծառայողների պատրաստության որակի բարձրացմամբ, կառավարման նոր մշակույթի ձևավորմամբ, սերժանտական ինստիտուտի զարգացմամբ և ժամանակակից սպառազինության ու տեխնոլոգիաների արդյունավետ կիրառմամբ։

Այս հարցն առավել արդիական է դարձել պարտադիր զինվորական ծառայության ժամկետը 24 ամսից 18 ամիս կրճատելու պայմաններում։ Պաշտոնական հիմնավորման համաձայն՝ ծառայության ժամկետի կրճատումը հնարավոր է դարձել պայմանագրային ծառայության ընդլայնմանն ուղղված ծրագրերի շնորհիվ։ Այդ ուղղությամբ նշվում են «Պաշտպան հայրենյաց» ծրագիրը, արհեստավարժ սերժանտական համակարգը և զինծառայողների ատեստավորման համակարգը։

Առաքելյանը, սակայն, մատնանշում է ռիսկը, որ ավելի կարճ ժամկետային ծառայությունը առանց պատրաստության ինտենսիվության բարձրացման կարող է նեղացնել զինվորի լիարժեք պատրաստման հնարավորությունը։

Սերժանտը պետք է ոչ միայն կոչում ունենա, այլև որոշում կայացնելու հնարավորություն

Վերլուծաբանի առանձնացրած առանցքային խնդիրներից մեկը սերժանտական ինստիտուտի իրական կայացումն է։

ՀՀ ԶՈւ կերպափոխման հայեցակարգով նախատեսված է ներդնել առաջադրանքների սահմանման միջոցով կառավարման՝ Mission Command-ի սկզբունքը։ Այս մոդելում ստորադաս հրամանատարին տրվում է ոչ միայն առաջադրանք, այլև որոշակի ինքնուրույնություն՝ իրավիճակից ելնելով որոշումներ կայացնելու համար։

Առաքելյանի գնահատմամբ՝ հետխորհրդային բանակներին բնորոշ խիստ ուղղահայաց կառավարման մշակույթը կարող է դառնալ այս փոփոխության հիմնական խոչընդոտներից մեկը։ Սերժանտական ինստիտուտը չի կայանա միայն նոր հաստիքներով կամ կոչումներով, եթե կրտսեր հրամանատարները չունենան իրական պատասխանատվություն և մարտավարական ինքնուրույնություն։

Հատկանշական է, որ սերժանտական կազմի և կրտսեր հրամանատարների պատրաստումը ներկայում նաև Հայաստանի և ԱՄՆ-ի պաշտպանական համագործակցության ուղղություններից է։

Պահեստազորը՝ ոչ թե պարզապես հավաքների մասնակից

Մյուս կարևոր ուղղությունը պահեստազորի պատրաստությունն է։

Առաքելյանն առաջարկում է հրաժարվել հավաքների նկատմամբ ձևական մոտեցումից և պահեստազորայիններին պատրաստել կոնկրետ ռազմական մասնագիտությունների ու ստորաբաժանումների պահանջներին համապատասխան։

Նրա առաջարկներից է նաև նախկինում ծառայած քաղաքացիների համար որոշակի փուլում 6 ամսից մինչև մեկ տարի ժամկետով պայմանագրերի կիրառումը՝ հնարավոր կադրային պակասը լրացնելու և ակտիվ պահեստազոր ձևավորելու նպատակով։

Կանանց ներգրավումը՝ ըստ բանակի իրական պահանջների

Առաքելյանն առանձին անդրադառնում է նաև կանանց մասնակցությանը զինված ուժերում։ Նրա մոտեցմամբ՝ այն պետք է դիտարկել առաջին հերթին որպես կադրային ներուժի ընդլայնման միջոց, այլ ոչ թե ձևական ցուցանիշ։

Ժամանակակից բանակում կանանց ներգրավման լայն հնարավորություն կա հատկապես ԱԹՍ-ների կառավարման, ՀՕՊ-ի, կիբեռանվտանգության, հետախուզության, բժշկական, վերլուծական և թիկունքային մասնագիտություններում։

Ի՞նչ է առաջարկում փորձագետը

Առաքելյանի առաջարկների առանցքում են ԶՈւ բարեփոխումների համար հստակ ճանապարհային քարտեզի և չափելի ցուցանիշների սահմանումը, պահեստազորի նպատակային պատրաստումը, կարճաժամկետ պայմանագրերի հնարավոր կիրառումը և փորձնական ստորաբաժանումների ստեղծումը, որտեղ սերժանտները կունենան իրական մարտավարական ինքնուրույնություն։

Վերլուծաբանի հիմնական եզրահանգումն այն է, որ Հայաստանի համար առավել իրատեսական կարող է լինել խառը համակարգը՝ արհեստավարժ հիմնական կազմով, պարտադիր զինծառայությամբ և պատրաստված պահեստազորով։

Այս մոտեցման տրամաբանությամբ՝ պրոֆեսիոնալ բանակի չափանիշը միայն պայմանագրային զինծառայողների քանակը չէ։ Որոշիչը ամբողջ համակարգի կարողությունն է՝ պատրաստել զինվորին, լիազորել կրտսեր հրամանատարին, պահպանել պատրաստված պահեստազոր և արագ որոշումներ ընդունել ժամանակակից պատերազմի պայմաններում։

Աղբյուր՝ CivilNet / Էդուարդ Առաքելյան
Նյութը պատրաստվել է Էդուարդ Առաքելյանի «Անցում արհեստավարժ բանակի․ ՀՀ ԶՈւ կերպափոխման հայեցակարգի հիմնական մարտահրավերներն ու անհրաժեշտ քայլերը» հոդվածի հիման վրա։ Փորձագիտական գնահատականները պատկանում են հեղինակին։

Կիսվել նյութով

Ընտրեք հարթակը կամ բացեք ձեր սարքի համօգտագործման ցանկը։

Facebook X Telegram WhatsApp LinkedIn