Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Տեղադրված է at 15:18
916 0

Վեհափա՛ռ Տեր,

Հարգելի՛ նախագահող,

Հարգելի՛ պատգամավորներ,

Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով:

Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական ուժերին և բոլոր պատգամավորներին, մաղթում հաջողություն և արդյունավետ աշխատանք:

Միաժամանակ, ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր քաղաքացիներին՝ իրենց դիրքորոշումները այս կամ այն կերպ արտահայտելու, դրանով իսկ պետական, քաղաքական ու հասարակական կյանքին մասնակցելու համար:

Շնորհակալություն եմ հայտնում նաև նախորդ գումարման խորհրդարանի պատգամավորներին՝ օրենսդիր մարմնում իրենց գործունեության համար:

Հարգելի գործընկերներ,

Հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ ընտրությունների արդյունքներով Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերին, այսինքն՝ ձեզ, հնարավորություն է ընձեռվել նախ՝ մշակել և ապա՝ իրականացնել ապագային միտված, իրական ռազմավարական ծրագրեր:

Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ակնկալում են, որ կգտնվեն առկա խնդիրների լուծումները, և կդրսևորվի կամք՝ Հայաստանը ուղղորդելու դեպի զարգացում, դեպի ապագա:

Այդ ապագան պետք է կերտվի ուժեղ, հավասարակշռված և առաջադեմ պետության տեսլականի շուրջ:

Ապագան առանձին վերցրած մեզնից որևէ մեկի կամ առանձին կուսակցության շահերը չեն:

Ապագան մենք ենք որպես մեկ ամբողջություն` միավորված ընդհանուր պատմական հիշողությամբ, ինչպես նաև մեր երեխաների, նաև նախնիների հանդեպ ունեցած պարտքով, որոնք դարեր շարունակ պայքարել են սեփական անկախ պետություն ունենալու համար:

Մենք պարտավոր ենք խորապես գիտակցել և արժևորել միջազգայնորեն ճանաչված մեր պետականության առկայության փաստը:

Պետք է ամեն ինչ անել՝

պաշտպանելու և պահպանելո՛ւ համար մեր պետականությունը,

պահպանելո՛ւ որպես հիմնական համազգային գաղափարախոսություն,

որպես կարևորագույն համահայկական արժեք:

 

Հարգելի՛ բարեկամներ,

Արդյունավետ կառավարման էությունը ամենից առաջ ազնիվ և պատասխանատու լինելն է:

Անշուշտ, պետք է լինել պրոֆեսիոնալ, աշխատասեր, կարգապահ և կազմակերպված, ունենալ տեսլական և ծրագիր:

Սակայն, կրկնեմ, նախ և առաջ պետք է լինել ազնիվ և պատասխանատու:

Ցանկալին որպես իրականություն ներկայացնելու փորձերը, դեմագոգիան և պոպուլիզմը ճանապարհ են դեպի փակուղի:

Պետք է ազնիվ, բաց և ուղիղ խոսենք առկա խնդիրների մասին, սթափ և սառնասրտորեն գնահատենք մեր իրական հնարավորությունները, խիզախություն ունենանք ընդունել մեր թերություններն ու սխալները և պատասխան տանք դրանց համար:

Յուրաքանչյո՛ւրս պետք է մեզ պատասխանատու զգանք մեր երկրի, մեր պետականության ապագայի համար:

Եվ միայն ազնիվ ու արդար կառավարումը կարող է փոխել իրավիճակը՝

հաղթահարել հիասթափությունը,

լավատեսություն սերմանել,

վերականգնել և ամրապնդել կապը քաղաքացու և պետության միջև:

Եկել է ժամանակը՝ ունենալ պետություն, որը ամենայն պատասխանատվությամբ է կատարում իր հիմնական գործառույթները:

Այդ թվում՝

Սահմանների և բնակչության անվտանգության ապահովումը,

Ինքնիշխանության և տարածքային ամբողջականության պաշտպանությունը,

Արցախի հիմնահարցի արդար լուծումը,

Տնտեսության, գիտության և մշակույթի զարգացումը,

Արժանապատիվ կենսամակարդակի ապահովումը,

Մարդու իրավունքների և ազատությունների երաշխավորված պաշտպանությունը,

Քաղաքացիական համերաշխության ապահովումը,

Մարդկային ներուժի իրացման պայմանների ստեղծումը….

Մեր ժողովուրդը և մեր երկիրը արժանի են դրան:

 
Հարգելի՛ պատգամավորներ,

Այսօր առաջնահերթություն է խորը և բազմաշերտ ճգնաժամից դուրս գալու ելքեր գտնելը:

Ակնհայտորեն, այդ համատեքստում առաջնային խնդիր է պառակտումը բացառելը:

Մենք չենք կարող որևէ մեկին թույլ տալ՝ մեր ժողովրդին բաժանել ու տարբերակել ըստ աշխարհագրական, քաղաքական կամ որևէ այլ չափորոշիչի:

Բոլորս պետք է ունենանք մեկ գլխավոր նպատակ՝ պահպանել և զարգացնել մեր պետականությունը:

Պառակտումն ու ներքին թշնամանքը մեզ միայն հեռացնում են այդ նպատակից, թուլացնում պետականության հիմքերը:

Եվ այդ դեպքում՝ մեր թշնամիներին և հակառակորդներին մնում է միայն նստել ու հետևել, թե ինչպես ենք մենք, ամեն օր թուլացնում ինքներս մեզ, անուղղելի վնաս հասցնում մեր պետական իմունիտետին:

Այսօր մենք գտնվում ենք պատմական կարևորագույն փուլում:

Եվ պետք է մի պարզ հարց տանք ինքներս մեզ.

ի՞նչն է ավելի կարևոր` հանուն պատրանքային շահերի տեղային չակերտավոր «պատերազմնե՞րը», թե՞ Հայրենիքի հանդեպ սերը, որը մեզնից պահանջում է զոհաբերել անձնականը հանուն ընդհանուրի:

Մեր անվտանգության գրավականը մեր միասնությունն է:

Սիրելի՛ հայրենակիցներ,

Աշխարհը սրընթաց փոփոխվում է:

Քաղաքական, տնտեսական, սոցիալական և տեխնոլոգիական զարգացման արդյունավետ մոդելի կառուցման համար մենք պետք է ուշադիր հետևենք և մաս կազմենք համաշխարհային նոր միտումներին և լինենք մրցունակ:

Ակնհայտ է, որ սահմանափակ աշխարհաքաղաքական և բնական ռեսուրսներով, փոքր պետությունների գոյատևումը և զարգացումը առավելապես կախված են պետության որակից, պետական կառավարման որակից և մարդկային ներուժի հետ որակյալ համակարգված աշխատանքից:

Մենք բացառություն չենք:

Ակնհայտ է նաև, որ մեր դեպքում, հենց մարդկային ռեսուրսը պետք է լինի ազգային և պետական շինարարության հիմքում:

Մեր ունեցած այդ ռեսուրսը գտնվում է հենց Հայաստանում, և իհարկե՝ Հայաստանի սահմաններից դուրս:

Սովորել ենք հպարտանալ աշխարհասփյուռ ականավոր հայերի ձեռքբերումներով:

Պատմում ենք նրանց մասին, գրքեր գրում:

Պարադոքսալ վիճակ է, երբ հայկական հսկայական ներուժից օգտվում է ամբողջ աշխարհը, բացի Հայաստանից:

Սփյուռքը Հայաստանի համար դրամապանակ չէ, այլ՝ նրա ազգային, պետական ինքնության կարևորագույն մասնիկը:

Մեր հայրենակիցները իրավունք ունեն ազդել իրենց հայրենիքի ճակատագրի վրա:

Հայաստանն ու Սփյուռքը միևնույն մեդալի երկու տարբեր կողմերն են, և այդ փաստը այլևս չի կարելի անտեսել:

Եկել է ժամանակը՝ դրսևորելու քաղաքական կամք և ամրագրելու իրավական անհրաժեշտ մեխանիզմներ:

Մեխանիզմներ, որոնք մեր հայրենակիցներին հնարավորություն կտան Հայրենիքին, Արցախին օգտակար լինել պետականաշինության իրենց հմտություններով, կարողություններով, պրոֆեսիոնալիզմով, գիտելիքով, փորձով:

Միևնույն ժամանակ, մենք և մեր բոլոր հայրենակիցները պետք է Հայաստանը ընկալենք որպես մեր հենման կետը:

Հարգելի՛ պատգամավորներ,

Պետության որակը առաջին հերթին արդյունավետ գործող պետական համակարգն է՝ կայացած, միմյանց լրացնող և հավասարակշռող ինստիտուտներով,

զսպումների ու հակակշիռների գործուն մեխանիզմներով:

Մեր երկրի ճգնաժամային իրավիճակը հերթական անգամ ապացուցում է, որ մեկ մարդը, մեկ կուսակցությունը, մեկ խումբը, մեկ ինստիտուտը օբյեկտիվորեն չեն կարող կարգավորել լրջագույն և բազմաշերտ խնդիրների ամբողջությունը:

Իշխանությունների տարանջատման սկզբունքը ոչ թե լիազորությունների փոխանցման, այլ՝ պատասխանատվության բաժանման մասին է:

Ուժերի հավասարակշռությունը ոչ թե նշանակում է իշխանության բաժանում հավասար չափաքանակներով, այլ՝ կոլեկտիվ պատասխանատվություն ինչպես ձեռքբերումների և հաղթանակների, այնպես էլ բացթողումների և թերությունների համար:

Որպես հնագույն քաղաքակրթության կրողներ՝ մենք իրավունք չունենք մակերեսային վերաբերմունք դրսևորել պետական կառավարման հիմնարար սկզբունքների հանդեպ:

Գլխավոր ներքին առաջնահերթությունը ամուր պետական իմունիտետի ձևավորումն է: Ուզում եմ կրկնել՝ ամուր պետական իմունիտետի ձևովորումը, որը հնարավորություն կտա պետությանը պայքարել ցանկացած ոտնձգության կամ խախտման դեմ:

Մեր տեսլականը պետք է կառուցվի բարձր տեխնոլոգիաների համատեքստում՝ օգտագործելով մեր հարստությունը՝ մարդկային կապիտալը:

Ահա՛ դրա հիմքերը.

որպես զարգացման տնտեսական մոդելի և նոր սերնդի ռազմարդյունաբերական համալիրի հիմք՝ շեշտը դնել արհեստական բանականության, տեղեկատվական և բարձր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների վրա:

ժամանակակից գյուղատնտեսություն և սննդի անվտանգության վրա,

որակապես մրցունակ գիտակրթական համակարգի վրա,

որակյալ առողջապահական համակարգի վրա,

անցում մարդակենտրոն սոցիալական-ժողովրդավարական կենսակերպի՝ միտված յուրաքանչյուր քաղաքացու սոցիալական վիճակը բարելավելուն ու արժանապատիվ կյանք ապահովելուն,

և, իհարկե, սահմանադրական փոփոխություններ:

Մենք պետք է հասկանանք, որ մեզ համար սկսվում է պատմության նոր էջ՝ իր մարտահրավերներով և չսխալվելու հրամայականով:

Իհարկե, ամուր և կայուն համակարգի ձևավորման համար անհրաժեշտ են մասնագիտացված հատուկ դպրոցներ, որոնք պետք է բարձրակարգ պրոֆեսիոնալներ պատրաստեն ռազմավարական նշանակության ոլորտների համար:

Կարևոր և անհրաժեշտ է՝ ձևավորել սոցիալական հավասարության վրա հիմնված համակարգ:

Համակա՛րգ, որտեղ համապատասխան պայմաններ կստեղծվեն պետական և ազգային շահով առաջնորդվող շնորհալի, երիտասարդ անհատների կայացման և առաջխաղացման համար:

Խոսքը կարևորագույն մի շերտի` պետական մտածողությամբ գործիչ պատրաստելու մասին է, որը քաղաքականացված չէ, այլ՝ ծառայում է բացառապես պետության շահերին:

Հիմնական սկզբունքները նույնպես պարզ են.

նվիրվածությունը պետությանը, գաղափարին,

կոմպետենտությունը/ իրազեկվածությունը,

կայացած լինելը,

համակարգված մտածողությունը և նպատակամղվածությունը:

Առանց ամուր իմունիտետի մենք կարող ենք դառնալ հեշտ թիրախ և իջնել «ձախողած պետության» մակարդակի` դրանից բխող բոլոր հետևանքներով:

Իսկ պատասխանատու և արհեստավարժ մոտեցման պարագայում մենք կարող ենք հասնել լուրջ հաջողությունների:

Ուստի անհրաժեշտ է մոբիլիզացնել բոլոր ռեսուրսները և դրսևորել նուրբ, բայց, միևնույն ժամանակ, վճռական վարքագիծ:

Հայաստանի սահմանների անձեռնմխելիությունը, պետության պաշտպանության արդյունավետ կազմակերպումը, Արցախի կարգավիճակի լուծումը և Ադրբեջանում գտնվող մեր գերիների վերադարձը պետք է դառնան մեր արտաքին քաղաքականության հիմնական առաջնահերթությունները:

Մեր դաշնակիցներն ու գործընկերները ի դեմս Հայաստանի պետք է տեսնեն հասուն, կանխատեսելի, վստահելի, ուժեղ երկիր: Երկիր, որը, առանձնահատուկ հարաբերություններ ունենալով Ռուսաստանի հետ, միևնույն ժամանակ, կարող է շատ խորը և ջերմ հարաբերություններ ունենալ և՛ Արևմուտքի, և՛ Արևելքի, և՛ Հարավի, և՛ Հյուսիսի հետ…

Մեզ համար չափազանց դժվար է լինելու գտնել մեր տեղը միջազգային հարաբերությունների համակարգում, եթե չհստակեցնենք մեր սեփական նպատակները և շարժման հետագծերը:

Երկարաժամկետ հեռանկարում մենք ունենք միայն մեկ տարբերակ՝ դառնալ տարածաշրջանային մրցունակ երկիր՝ օգտագործելով մեր հսկայական համաշխարհային ներուժը:

Աշխարհը գտնվում է հետմիաբևեռ համակարգի ձևավորման ճանապարհին, որտեղ, բացի ավանդական խաղացողներից` ի դեմս մեծ տերությունների, էական դեր են ունենալու նաև փոքր, բայց սփռվածություն ունեցող ազգերը և պետությունները:

Մեզ տրված է հերթական պատմական հնարավորությունը, և այն չի կարելի բաց թողնել:

Մենք պետք է հրաժարվենք իմիտացիոն գործունեությունից և անցնենք բովանդակալից գործունեության:

Այլապես լավագույն դեպքում հնարավոր է՝ հայտնվենք պատմության լուսանցքում: Իսկ բովանդակալից գործունեության դեպքում լինելու ենք այն, ինչի մասին խոսում էի՝ տարածաշրջանային մրցունակ, ուժեղ երկիր:

Հանրապետության նախագահի աշխատակազմը պատրաստ է իր սահմանափակ սահմանադրական հնարավորությունների շրջանակում գործնական, կոնկրետ ներդրում ունենալ բովանդակալից պետության կառուցման մեջ, պետությո՛ւն, որը իր վրա կվերցնի ազգը դեպի ապագա առաջնորդելու պատասխանատվությունը:

Հարգելի՛ գործընկերներ,

Ձեզ մեծ պատիվ և արտոնություն է ընձեռված:

Հիշե՛ք սա և գնահատեք:

Մաղթում եմ բոլորիդ հաստատակամություն, քաղաքական իմաստնություն, խիզախություն և ամենայն բարիք:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Նախագահ Արմեն Սարգսյանի ուղերձը Արցախի Հանրապետության հռչակման 30-ամյակի առթիվ

Տեղադրվել է - Սեպտեմբեր 2, 2021 0
Սիրելի հայրենակիցներ, 1991թ. սեպտեմբերի 2-ին հռչակվեց Արցախի Հանրապետությունը: Այս նշանակալի իրադարձության 30-ամյակը դիմավորում ենք բարդագույն ժամանակահատվածում՝ 44-օրյա պատերազմից հետո ստեղծված…

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Եվրախորհրդարանի բանաձեւը Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ․ կարգավիճակ, տեղահանվածների վերադարձ

Տեղադրվել է - Հունվար 22, 2021 0
Եվրոպական խորհրդարանում հունվարի 20-ին ընդունվել են  «Ընդհանուր արտաքին և անվտանգային քաղաքականություն» (CFSP) և «Ընդհանուր անվտանգային ու պաշտպանական քաղաքականություն (CSDP)» տարեկան զեկույց-բանաձևերը: Դրանցից առաջինում առանձին…

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code