Հայաստանում կրթության ոլորտը կարևորվում է որպես երկրի կայուն զարգացման, ինչպես նաև մարդկային կապիտալի պահպանման ու վերարտադրության նախապայմաններից մեկը: Մարդկային զարգացման ապահովման քաղաքականության հիմնական գերակայությունը կրթության առաջանցիկ զարգացման ապահովումն է կրթության որակի, արդյունավետության և մատչելիության բարձրացման միջոցով:
Հայաստանի կրթության զարգացման հեռանկարն անհրաժեշտ է դիտարկել երկրի ընդհանուր զարգացման, ազգային և պետական անվտանգության ապահովման հետևյալ հիմնական նպատակադրումների համատեքստում` ապահովելով կրթության բնագավառում պետական քաղաքականության սկզբունքների իրականացումը.
– անկախ պետականության ամրապնդում և քաղաքացիական հասարակության զարգացում,
– աղքատության հաղթահարում և բարեկեցության ապահովում,
– կայուն տնտեսական աճի և մրցունակության ապահովում,
– հայապահպանություն,
– միջազգային և տարածաշրջանային համագործակցություն:
Հայաստանում այժմ կրթության համակարգը հեռու է իր առաքելության լիարժեք և ամբողջական իրականացումից, մինչդեռ առաջ են եկել նոր մարտահրավերներ, որոնց հաղթահարմամբ է պայմանավորված կրթության ապագան:
Նախաձեռնված բարեփոխումների շոշափելի և հասարակության կողմից արժևորվող ձեռքբերումների բացակայության պատճառով կրթության համակարգը հայտնվել է մի իրավիճակում, երբ խաթարված է կրթական հաստատությունների հեղինակությունը, վտանգված է վստահությունը բարեփոխումների և համակարգի ներուժի նկատմամբ: Միաժամանակ, թե՛ հասարակական գիտակցության, թե՛ պետական քաղաքականության մեջ կրթությունը գերակայությունների շարքում շարունակում է մնալ որպես ազգային արժեք և սոցիալ-տնտեսական առաջընթացի կարևոր գործոն:
Կրթության բնագավառի գերխնդիրն է կրթության որակի բարձրացումը` ապահովելով համակարգի արդյունավետ գործունեությունը և քաղաքացիների` իրենց ձգտումներին և ընդունակություններին համապատասխան կրթություն ստանալու հավասար մատչելիությունը:
Թեև վերջին տարիներին կրթության որակի հիմնախնդիրն առավել շատ քննարկվող հարցերից մեկն է, սակայն մինչ այժմ որակի վստահելի և արժանահավատ արդյունքային ցուցանիշների համակարգ ներդրված չէ: Կրթության որակի բարելավման հետագա արդյունավետ քաղաքականության մշակման կարևոր նախապայման է տվյալների ստացման մեխանիզմների կատարելագործումը, որին ուղղված են որակի ապահովման ընթացակարգերի ներդրումը, կրթության կառավարման տեղեկատվական համակարգի ընդլայնումն ու զարգացումը: Հարկ է արձանագրել, որ կրթության որակի բարձրացման և բարեփոխումների հաջողության ապահովման առանցքային դերը պատկանում է մանկավարժներին: Նրանց քանակական պակաս երկրում չկա, սակայն դասավանդման որակի բարձրացման, նոր մեթոդների օգտագործման առումով անելիքներ դեռ շատ կան: Միաժամանակ, ցածր է կրթության որակը մանկավարժական բուհերում, որը պայմանավորված է մի շարք գործոններով. դիմորդներն ուսման համեմատաբար ցածր առաջադիմություն ունեցող շրջանավարտներն են, բուհերը համալրված չեն ժամանակակից ուսումնական ռեսուրսներով, բարձրագույն կրթության ոլորտի բարեփոխումները դանդաղ են ներդրվում այս բուհերում:
Մասնագիտական կրթության կարևորագույն խնդիրներից է բուհերում և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում ժամանակակից, միջազգային պահանջներին համապատասխան կահավորված գրադարանների (այդ թվում` էլեկտրոնային) բացակայությունը: Բարձրագույն ուսումնական հաստատությունների գրադարանային ֆոնդերը հնացած են և չեն համապատասխանում ժամանակակից գրադարաններին ներկայացվող պահանջներին: Գրադարաններից օգտվելու մեխանիզմը դյուրացնելու և առավել արդյունավետ դարձնելու համար կարևոր է էլեկտրոնային գրադարանների ներդրումը: Խնդիրներ կան նաև ուսումնական գրականության ստեղծման, թարգմանության և տեղայնացման ապահովման, ուսումնական հաստատությունները ժամանակակից տեխնիկական սարքավորումներով, լաբորատորիաներով ու ուսումնամեթոդական պարագաներով համալրման աշխատանքներում:
Հանրապետությունում մասնագիտական կրթության ոլորտում պետական աջակցությունը չի տեղաբաշխվում այնպես, որ ապահովի առավելագույն ներգրավվածություն: Հաշվի չեն առնվում տարբեր մասնագիտությունների գծով մասնագետների պատրաստման առանձնահատկություններն ու ծախսերի հաշվարկը` համապատասխանեցնելով դրանք տեղական և միջազգային աշխատաշուկայի պահանջներին: Մշակելով և ներդնելով մասնագիտական կրթության ոլորտի ֆինանսական հատկացումների նոր մեխանիզմներ, հնարավոր կլինի նաև վերանայել մասնագիտությունների չափաքանակների սահմանման և բաշխման մեխանիզմները, կենտրոնացնելով նաև մասնագիտական խմբերը:
Մյուս կողմից, կրթության կառավարման մասնագետների նպատակային պատրաստում չի իրականացվում, իսկ կարողությունների զարգացման առանձին ծրագրերն էականորեն չեն բարելավել իրավիճակը: Կարողությունների պակաս է զգացվում հատկապես ծրագրերի կառավարման, ռազմավարական պլանավորման, մոնիթորինգի և գնահատման, դոնորների հետ աշխատանքների բնագավառներում:
Կրթության բնագավառում կարևոր խնդիր են տարբեր կազմակերպությունների կողմից իրականացվող ծրագրերի համակարգումն ու համադասումը:
Այսպես, ՀՀ կրթության ոլորտի առավել ընդգծված հիմնախնդիրներն են`
– փոքր է նախադպրոցական կրթական ծրագրերում երեխաների ընդգրկվածությունը, շատ համայնքներում չկան նախադպրոցական կրթական ծառայություններ,
– թերի է դպրոցից դուրս մնացած երեխաների հաշվառման և նրանց կրթության մեջ ընդգրկելու համակարգը,
– հանրակրթական դպրոցները սահմանափակ կարողություններ ունեն ապահովելու բոլոր, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունը,
– մասնագիտական, հատկապես բարձրագույն կրթությունը մատչելի չէ սոցիալապես խոցելի խմբերի համար,
– ձևավորված չեն մասնագիտական կրթության որակի ներքին և արտաքին գնահատման համակարգերն ու մեխանիզմները,
– դասավանդող անձնակազմը բավարար չի տիրապետում կրթության ժամանակակից մեթոդներին և տեխնոլոգիաներին, ցածր է մանկավարժական կադրերի պատրաստման ու վերապատրաստման արդյունավետությունը, չկա մանկավարժների մասնագիտական առաջխաղացման արդյունավետ համակարգ,
– կրթական ծրագրերում գերակշռում է սովորողների տեսական պատրաստվածությունը, շրջանավարտները չունեն կյանքի և մասնագիտական գործունեության համար բավարար կիրառական կարողություններ ու հմտություններ, արդյունավետ մասնագիտական կողմնորոշում,
– թույլ է կրթության տարբեր մակարդակների, ինչպես նաև կրթության և տնտեսության միջև երկխոսությունը, բավարար չեն սոցիալական գործընկերության մեխանիզմները,
– դեռևս ապահովված չէ կրթական ծրագրերի ամբողջական համադրելիությունը միջազգային չափանիշներին, կրթության համակարգը չի կարողանում արագ և արդյունավետ արձագանքել հասարակության և տնտեսության արագընթաց զարգացումներին,
– դասագրքերի որակը բովանդակային առումով բարելավման կարիք ունի,
– անբավարար են ժամանակակից տեղեկատվական և հեռահաղորդակցման տեխնոլոգիաների հասանելիությունը և կիրառումը ուսումնական գործընթացում, կա էլեկտրոնային ուսումնական նյութերի պակաս,
– շատ ուսումնական հաստատությունների ուսումնանյութական բազան չի համապատասխանում ժամանակակից պահանջներին,
– բարելավման կարիք ունեն կրթության ֆինանսավորման և դրա արդյունավետ օգտագործման մեխանիզմները,
– կրթության կառավարման բոլոր մակարդակներում կա կառավարչական կարողությունների, կառավարման արդյունավետ մեխանիզմների զարգացման անհրաժեշտություն:
ՈՐՈ?ՆՔ ԵՆ ԱՌԱՋՆԱՀԵՐԹՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
Հանրակրթություն
1) 12-ամյայից անցում 11-ամյա կրթակարգի
ա. Մշակել և ներդնել հանրակրթության պետական նոր չափորոշիչներ, դրանց համապատասխան առարկայական ծրագրերի մշակում ու դասագրքերի հրատարակում,
բ. ստեղծել առարկայական չափորոշիչների և ծրագրերի մշտադիտարկման, շարունակական բարելավման մեխանիզմներ,
գ. ներդնել սովորողների գիտելիքների, կարողությունների և հմտությունների, նրանց առաջադիմության գնահատման ժամանակակից, բազմագործոն ձևեր և մեթոդներ,
դ. կատարելագործել դպրոցի ավարտական և բուհական ընդունելության քննությունների միասնական համակարգը,
ե. նոր մշակումներին համապատասխան` ապահովել ուսուցիչների վերապատրաստումներ:
2) Տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառության ընդլայնում
ա. բարելավել համակարգչային տեխնիկայով ու ծրագրային փաթեթներով հանրակրթական հաստատությունների համակարգչային ապահովվածությունը,
բ. բարելավել հանրակրթական հաստատություններում համակարգչային և մեդիագրագիտության մակարդակը,
գ. ընդլայնել ուսումնական գործընթացում տեղեկատվական-հաղորդակցման տեխնոլոգիաների՝ որպես ուսուցման և դասավանդման միջոցի կիրառումը,
դ. մշակել ժամանակակից էլեկտրոնային ուսումնական պաշարներ, հեռավար դասընթացներ, վերապատրաստել մանկավարժներին:
3) Ավագ դպրոցների ցանցի կատարելագործում
ա. ապահովել հոսքային ուսուցման կազմակերպումը` սովորողների հակումներին ու նախասիրություններին համապատասխան և նախապատրաստել մասնագիտական կրթություն ստանալուն,
բ. ստեղծել ժամանակակից գրադարաններ (ռեսուրսային կենտրոններ)` համալրելով անհրաժեշտ գույքով, սարքավորումներով և տպագիր ու էլեկտրոնային գրականությամբ,
գ. Ստեղծել տարածաշրջանային ավագ դպրոցներ, ստեղծել ավագ դպրոցի տարբեր հոսքային ուսուցման համար նախատեսված ուսումնամեթոդական համալիրներ,
դ. բարձրացնել ավագ դպրոցի մանկավարժական կադրերի մասնագիտական որակը և մանկավարժական բուհերում ներդնել ավագ դպրոցների մանկավարժների պատրաստման մագիստրոսական ծրագրեր:
4) Մանկավարժական կրթության որակի, արդյունավետության և հեղինակության բարձրացում
ա. մանկավարժական կրթության բովանդակությունը համապատասխանեցնել հանրակրթության արդի պահանջներին,
բ. մանկավարժության բնագավառի գիտական հետազոտություններն ուղղորդել հանրակրթության բարեփոխումների արդյունավետության բարձրացմանը,
գ. խրախուսել և ընդլայնել մանկավարժներ պատրաստող ուսումնական հաստատությունների, ինչպես նաև դպրոցների միջև համագործակցությունը:
5) Մանկավարժի գործունեության վարկի բարձրացում
ա. մշակել և ներդնել մանկավարժների խրախուսման արդյունքահեն չափանիշներ և մեխանիզմներ,
բ. խրախուսել մանկավարժների մասնագիտական ընկերակցությունների ձևավորումը և նպաստել դրանց զարգացմանը,
գ. հրապարակայնացնել մանկավարժների լավագույն փորձը և նվաճումները:
6) Դպրոցների ապահովում մանկավարժական կադրերով
ա. ներդնել մանկավարժական կադրերի և դրանց պահանջարկի տեղեկատվական բազա,
բ. բարելավել մանկավարժական բուհերում նպատակային ընդունելության, սահմանամերձ և բարձրլեռնային բնակավայրերի մանկավարժների գործուղման համակարգերը:
7) Մանկավարժների մասնագիտական զարգացման համակարգի բարելավում
ա. բարձրացնել մանկավարժների վերապատրաստման արդյունավետությունը,
բ. խրախուսել մանկավարժական նորարարությունները:
8) Աշակերտների բարձրակարգ նվաճումների խրախուսում
ա. ստեղծել աշակերտների և աշակերտական խմբերի ընդունակությունների դրսևորման նպաստավոր պայմաններ,
բ. ապահովել արտակարգ ընդունակություններ դրսևորած աշակերտների (խմբերի) մասնակցությունը միջազգային օլիմպիադաներին, ստուգատեսներին, մրցույթներին և այլ միջոցառումներին ու ծրագրերին:
9) Արտակարգ ընդունակություններ ունեցող երեխաների զարգացման նպաստավոր պայմանների ստեղծում
ա. մշակել արտադասարանական և արտադպրոցական դաստիարակության համակարգի զարգացման հայեցակարգ,
բ. մշակել և ներդնել աշակերտների կրթական, գեղագիտական, տեխնիկական, մարզական նախասիրությունների բավարարման արդյունավետ համակարգ,
գ. ներդնել աշակերտների ստեղծագործական, հետազոտական և նորարարական աշխատանքների խրախուսման մեխանիզմներ` ուղղված ինչպես աշակերտներին, այնպես էլ նրանց մանկավարժներին և դպրոցներին:
10) Հանրակրթական դպրոցներում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության կազմակերպման հնարավորությունների ընդլայնում
ա. իրականացնել հանրակրթական դպրոցների ցանցի միջոցով ներառական կրթության ընդգրկուն կազմակերպումը,
բ. ներդնել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթությունն իրականացնող դպրոցներին մեթոդական և նյութական միջոցներով օժանդակելու համակարգ,
գ. խթանել դպրոցների, ինչպես նաև օտարերկրյա համանման դպրոցների և կազմակերպությունների հետ կապերն ու համագործակցությունը,
դ. վերանայել հանրակրթության ոլորտի օրենսդրական դաշտը` ներառական կրթության միասնական քաղաքականության ապահովման տեսանկյունից:
11) Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների բացահայտման և կրթության մեջ նրանց ներգրավման արդյունավետ համակարգի ձևավորում
ա. բարելավել կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների վկայագրման չափորոշիչները, գործիքակազմը և մեխանիզմները,
բ. բարելավել կրթությունից դուրս մնացած երեխաների հաշվառման համակարգը,
գ. ընդլայնել հանրակրթական դպրոցների համագործակցությունը հասարակական կազմակերպությունների, երեխաների իրավունքների պաշտպանության մարմինների հետ:
12) Նախադպրոցական կրթության որակի և մատչելիության ապահովում
ա. կատարելագործել նախադպրոցական կրթության ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը և կառավարման համակարգը,
բ. ապահովել նախադպրոցական կադրերի արդյունավետ մասնակցությունը վերապատրաստման, կատարելագործման և ատեստավորման ծրագրերին,
գ. բարելավել նախադպրոցական ծառայությունների իրականացման նյութատեխնիկական և ուսումնանյութական հիմքերը,
դ. մեծացնել երեխաների ընդգրկվածությունը նախադպրոցական ծառայություններում և ապահովել մատչելիություն հատկապես սոցիալապես անապահով ընտանիքների համար:
Միջին մասնագիտական կրթություն
1) Նախնական և միջին մասնագիտական կրթության համակարգի ինտեգրում միասնական եվրոպական կրթական տարածքին
ա. խթանել մասնագիտական կրթության և ուսուցման հաստատությունների ինտեգրումը կրթության գլոբալ համակարգերին,
բ. ՄԿՈՒ որակավորումների համակարգը համապատասխանեցնել որակավորումների եվրոպական շրջանակին,
գ. ներդնել կրեդիտների կուտակման և փոխանցման միասնական համակարգ,
դ. բարձրացնել համակարգի մասնագետների իրազեկվածությունը այլ երկրների փորձի և լավագույն ձեռքբերումների վերաբերյալ,
ե. օժանդակել ՄԿՈՒ հաստատությունների ցանցավորմանը:
2) ՄԿՈՒ համակարգի արդյունավորության և արդյունավետության ապահովում.
ա. ստեղծել մասնագիտական կողմնորոշման և խորհրդատվության արդյունավետ համակարգ,
բ. խթանել սոցիալական գործընկերությունը և երկխոսությունը,
գ. ձևավորել ՄԿՈՒ հաստատությունների արդյունավետ ցանց,
դ. սահմանել նախնական և մասնագիտական կրթության մասնագիտությունների առաջնահերթություններ` ելնելով ՀՀ տնտեսության գերակայություններից, և ներդնել մասնագետների պահանջարկի ձևավորման արդյունավետ համակարգ,
ե. բարելավել ՄԿՈՒ հաստատությունների ուսումնանյութական բազան,
զ. բարելավել հաստատությունների հաշվետվողականությունը և գործունեության թափանցիկությունը:
Բարձրագույն կրթություն
1) որակավորումների ազգային շրջանակը ամբողջությամբ համապատասխանեցնել եվրոպական որակավորումների շրջանակին,
2) զարգացնել, հզորացնել ու ամրապնդել որակի ապահովման ազգային համակարգի կարողությունները,
3) ձևավորել և ներդնել բարձրագույն կրթության ֆինանսավորման արդյունավետ և կայուն համակարգ,
4) ապահովել բարձրագույն կրթության ավարտական փաստաթղթերի փոխճանաչումը և համարժեքությունը,
5) խթանել ուսանողների շարժունությունը և Հայաստանի կրթական համակարգի գրավչությունը,
6) խթանել բուհերի և գործատուների (աշխատաշուկայի) փոխադարձ կապը, նպաստել սովորողների մասնագիտական կողմնորոշման և աշխատանքի տեղավորման խնդիրների լուծմանը:
Գիտական աստիճանաշնորհում
1) պահպանել գիտական աստիճանաշնորհման երկաստիճան համակարգը,
2) բարձրագույն կրթության երրորդ մակարդակում խրախուսել կրթություն-գիտություն-տնտեսություն/արտադրություն կապը,
3) ներդնել գիտական հետազոտությունների ֆինանսավորման արդյունավետ և կայուն համակարգ,
4) հստակեցնել գիտական աստիճանաշնորհման չափանիշները, աշխատանք տանել առանց դժվարությունների Հայաստանում շնորհված գիտական աստիճանները օտարերկրյա պետություններում ճանաչման ու համապատասխանեցման ուղղությամբ:
ԵՎ ԿԱՐԵՎՈՐ՝ Կառավարման համակարգի բարելավում
1) ձևավորել բարեփոխումներն առաջնորդող թիմ և իրականացնել վերապատրաստում՝ ծրագրերի կառավարման, ֆինանսական վերլուծության, միջոցների ներգրավման և դոնորների համակարգման ոլորտներում,
2) մշակել ծրագրի մոնիթորինգի պլան և մեխանիզմներ,
3) զարգացնել և ամբողջացնել կրթության կառավարման տեղեկատվական համակարգը,
4) ապահովել շահագրգիռ նախարարությունների, գործարար և քաղաքացիական հատվածի, հիմնական դոնոր կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ ձևավորված խորհրդատվական մարմնի գործունեությունը,
5) պարբերաբար ներկայացնել կրթության առաջընթացի և հիմնախնդիրների վերաբերյալ տարեկան հանրային զեկույցներ:
Ատոմ Մխիթարյան
Նազինե Խալաֆյան
Կարեն Խաչատրյան
Կրթության քաղաքականության կենտրոն
picyerevan@gmail.com