Կրթության ոլորտում «կոտրած տաշտակի» առջև չհայտնվելու բանաձևը

Տեղադրված է at 09:21
1104 0

Հրապարակի վրա է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը Կառավարության հավանությանն արժանանալուց հետո ներկայացվել է Ազգային Ժողով։ Այն, ըստ էության, գալիս է փոխարինելու գործող երեք՝ «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին», «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» և «ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի մասին» ՀՀ օրենքներին։ Սա այն ոլորտն է, որ միմյանց պիտի կապի բարձրագույն կրթությունն ու գիտությունը, գիտությունն ու տնտեսությունը, և այս առումով անչափ կարևոր մեր երկրի համար։ Այդ կապող օղակի դեր կատարում է բարձրագույն կրթության երրորդ մակարդակը՝ ասպիրանտուրան, կամ, ինչպես արևմուտքում ընդունված է անվանել՝ դոկտորանտուրան։ Հարկ է, մինչ օրենքի նախագիծ մշակելը, ուսումնասիրել և հաշվի առնել դոկտորական կրթության կազմակերպման միջազգային փորձը, առաջադեմ համալսարանների սկզբունքներն ու գործընթացները։ Այս առումով ներկայացնում ենք Չեխիայի առաջատար և ամենահին համալսարանի դոկտորանտուրայի առանձնահատկությունները։

Պրահայի Կարլի հետազոտական համալսարանում (Charles University, Карлов университет в Праге – ÚJOP) որևէ մասնագիտությամբ դոկտորանտուրա ընդունվելու համար դիմորդից պահանջվում է ունենալ ուսման ցանկություն, որը նա պետք է հիմնավորի իր մոտիվացիոն նամակում, ունենա ինքնուրույն ստեղծարար աշխատանք կատարելու մասնագիտական որակներ, սեփական անհատական ուսման պլանը կյանքի կոչելու մեծ ցանկություն և պատասխանատվություն: Միաժամանակ, նա պետք է առաջարկի/ներկայացնի իր ատենախոսության թեման և համալսարանից հնարավոր գիտական ղեկավարի կամ խորհրդատուի անունը: Դոկտորանտուրա ընդունվելուց հետո երկու ամսվա ընթացքում դոկտորանտը պարտավոր է իր գիտական ղեկավարի հետ մշակել և հաստատման ներկայացնել սեփական ուսման /հետազոտության պլանը: Ուսման ընթացքում իրավունք ունի փոփոխություններ կատարել ատենախոսության թեմայում կամ ուսման/հետազոտության պլանում, որը կրկին պետք է ներկայացնի համալսարանի ղեկավարությանը՝ հաստատման: Կարող է նաև ընթացքում դիմել և խնդրել ֆակուլտետի դեկանին, որպեսզի փոփոխի իր ուսման/հետազոտության ձևը կամ ընդհատի ուսումը: Դոկտորանտը կարող է ուսման ընթացքում փոխել գիտական ղեկավարին՝ միաժամանակ ներկայացնելով նոր գիտական ղեկավարի համաձայնությունը և հիմնավորումը: Դոկտորանտը պարտավոր է իմանալ և ենթարկվել համալսարանի կանոնադրությանը, ներքին ընթացակարգերին, մշտական կապ պահպանել գիտական ղեկավարի և խորհրդատուի հետ, իսկ կազմակերպական հարցերով՝ ֆակուլտետի հետ: Մյուս կողմից, համալսարանը պարտավորվում է դոկտորանտի ուսման և հետազոտությունների իրականացման համար ապահովել համապատասխան աշխատանքային պայմաններ: Այս հետազոտական համալսարանում բարձրագույն կրթության երրորդ մակարդակի «ուսանողակենտրոնությունը» ակնհայտ է, ամեն ինչ արվում է հոտազոտող-ասպիրանտի նախաձեռնությունները խրախուսելու, ինքնուրույնությունը զարգացնելու համար: Ըստ էության դոկտորանտը որևէ խիստ պարտավորություն չունի և ազատ է իր հետազոտական աշխատանքն պատշաճ կերպով իրականացնելու համար։ Ընթացքում նա կարող է որոշակի դասախոսություններ ունկնդրել սեփական նախասիրությունների շրջանակներում, կապ հաստատել ու համագործակցել այլ գիտնականների կամ գործարարների հետ, որոնք հետաքրքրված կարող են լինել դոկտորանտի հետազոտություններով։

Ավարտելով իր հետազոտական աշխատանքը, որ կարող է տևել 3-4 տարի, դոկտորանտն այն ներկայացնում է պաշտպանության, մինչ այդ արդեն ունենալով մասնագետ-գիտնականների գրավոր կարծիքն իր աշխատանքի վերաբերյալ։ Ընդ որում գնահատող գիտնականներից առնվազն մեկը պետք է լինի Չեխիայի այլ համալսարանից, մեկն էլ՝ այլ երկրից։ Ատենախոսության պաշտպանությունը վերջում վեր է ածվում ուղղակի հետաքրքիր ու գեղեցիկ ծեսի, որովհետև բոլորի համար արդեն պարզ է կատարված աշխատանքի կշիռը, դրա էությունն ու բնույթը, կապը տնտեսության կամ մարդկային կենսագործունեության կոնկրետ ոլորտի հետ։

Մեզ մոտ հարկավոր է բարձրագույն կրթության երրորդ մակարդակի այնպիսի հայեցակարգային ու օրենսդրական բարեփոխումներ, որ խրախուսվեն ինքնուրույն-որակյալ ու Հայաստանի տնտեսական զարգացմանը միտված գիտական հետազոտությունները: Մինչդեռ այժմ մենք բոլորս յուրաքանչյուր պաշտպանվող ատենախոսության մեջ փնտրում ենք համընկնումներ, արտագրություններ, որովհետև վստահ ենք, որ այդ ատենախոսությունները մեծամասամբ ինքնանպատակ են, հետագայում որևէ տեղ չեն կիրառվելու: Հրապարակի վրա գտնվող օրինագիծը հարկավոր է դիտարկել այս տեսանկյունից, որպեսզի վաղը, օրինագիծն ընդունվելու պարագայում, կրկին չհայտնվենք «կոտրած տաշտակի» առջև։

 

Ատոմ Մխիթարյան

Կրթության ոլորտի փորձագետ

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի ելույթը ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստում

Տեղադրվել է - Օգոստոս 2, 2021 0
Վեհափա՛ռ Տեր, Հարգելի՛ նախագահող, Հարգելի՛ պատգամավորներ, Շնորհավորում եմ ութերորդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի առիթով: Շնորհավորում եմ խորհրդարան անցած քաղաքական…

Խաղաղության մասին

Տեղադրվել է - Հունվար 30, 2021 0
Խաղաղության մասին կամ ինչպես են խաղաղություն քարոզելով մոտեցնում պատերազմը: Ժամանակ առ ժամանակ ինչ-որ մարդիկ շահարկում են խաղաղության թեման: Թե բա…

«Կրթության մասին» ՀՀ օրենքը կփոփոխվի

Տեղադրվել է - Հունվար 13, 2021 0
ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի՝ հունվարի 13-ին Մխիթար Հայրապետյանի նախագահությամբ կայացած հերթական նիստում…

Դեպի «Չորրորդ Հանրապետություն»

Տեղադրվել է - Հունվար 11, 2021 0
Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյան Բովանդակային պետության կառուցման անխուսափելիության մասին Հայոց պետականությունը վերականգնելու հնարավորությունը վերջին մի քանի հարյուրամյակների ընթացքում եղել…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code