Համաշխարհային տնտեսություն 2021

Տեղադրված է at Հունվար 13, 2021
312 0
2021 թվականը համաշխարհային տնտեսության համար կլինի պարտքային ճգնաժամի տարի։
2020 թվականին կորոնավիրուսային համավարակը սրեց պետական ​​պարտքի խնդիրը աշխարհի բազմաթիվ երկրներում և այն նաև ռեկորդային դարձավ սուվերեն դեֆոլտների թվաքանակով, որն ընթացիկ տարում թիվը կարող է ավելի աճել։
2020 թվականին պետական ​​պարտքի բարձր մակարդակ ունեցող մի շարք պետություններ արդեն հայտարարել են դեֆոլտ ՝ Արգենտինա, Լիբանան, Էկվադոր, Սուրինամ, Զամբիա: Առաջիկա տարվա ընթացքում դեֆոլտը կարող է սպառնալ Անգոլային, Կամերունին, Քենիային և Պակիստանին, Թուրքիային և Ուկրաինային:
Ինչ վերաբերվում է զարգացած երկրներին, ապա պետք է նշել, որ եվրոպական երկրները, ինչպես նաև Ճապոնիան և Միացյալ Նահանգները, ունակ են սպասարկելու իրենց պետական պարտքերը ՝ առանց պետական բյուջեներին էական վնաս հասցնելու, ուստի վերջիններս կհաղթահարեն առկա ճգնաժամը նվազագույն վնասներով:
Արտաքին պարտավորությունների հետ կապված համեմատաբար մեծ ռիսկեր են առկա նաև այն երկրների համար, որոնք ֆինանսավորման դժվարություններ են ունեցել դեռևս համավարակից առաջ: Խոսքը ,,կրկնակի դեֆիցիտային,, ՝ բյուջեի և ընթացիկ հաշվի մշտական պակասուրդ ունեցող երկրների մասին է, որոնց մեջ առավել հստակորեն առանձնանում են Թուրքիան և Ուկրաինան:
Համեմատաբար ավելի ցածր ռիսկի տակ են հայտնվել Հնդկաստանը, Բրազիլիան և եվրոպական մի շարք երկրներ:
Իրականում զարգացած տնտեսություններ ունեցող երկրները, ինչպիսիք են օրինակ, Իտալիան և Պորտուգալիան, ունենալով պետական պարտքի հետ կապված բավական բարձր ռիսկեր, իրականում Եվրոմիության շրջանակում արտաքին ֆինանսավորման մի շարք մեխանիզմների շնորհիվ կարող են խույս տալ դեֆոլտից։
Ինչ վերաբերվում է ԱՄՆ-ին, ապա եթե չլիներ ԴՊՀ միջամտությունը՝ իրավիճակը կհասներ նաև դեֆոլտի։ Փաստացի, ԴՊՀ-ն ակտիվորեն ֆինանսավորում է բյուջեի դեֆիցիտը, որի մեծությունը 2020-ին կազմել է 3.13 տրիլիոն դոլար, երկրի ՀՆԱ֊ի ավելի քան 15%֊ը։ Փաստացի ԱՄՆ պակասուրդի մեծությունը2020 թվականին գերազանցել Ռուսաստանի ՀՆԱ-ի ծավալը: Ինչ վերաբերվում է երկրի պետական պարտքի ծավալին, ապա այն 2020 թվականին կազմելով ՀՆԱ֊ի 98%֊ը՝ ընթացիկ տարում կհասնի մինչև 104%֊ի և տարեցտարի կշարունակի աճել։
Ճապոնիայում նույնպես պետական պարտքի ծավալը հսկայական է՝ գերազանցելով երկրի ՀՆԱ-ն ավելի քան 2 անգամ: Սակայն, միևնույն ժամանակ, այս երկրների կառավարությունները վճարումների հետ կապված խնդիրներ դեռևս չունեն: Խնդիրն այն է, որ Եվրագոտում, Ճապոնիայում և ԱՄՆ-ում կենտրոնական բանկերն իրականացնում են այսպես կոչված քանակական մեղմացում՝( Quantative Easing) , այլ կերպ ասած, մշտապես իրականացնում են պետական պարտատոմսերի խոշորածավալ գնումներ, ինչը լիովին բացառում է կառավարության պարտավորությունների դեֆոլտի հնարավորությունը։
Տարածաշրջանային երկրներից ներկայումս ինչպես նշվեց, պետական պարտքի սպասարկումը վտանգված են Ուկրաինայում և Թուրքիայում որոնց մոտ առկա է CDS՝ վարկային դեֆոլտի սվոփների ամենաբարձր տոկոսադրույքները։Վերջիններս իրենցից ներկայացնում են ածանցյալ ֆինանսական գործիքներ, որոնք ներդրողներին ապահովագրում են պետական ​​պարտքի դեֆոլտի ռիսկից։
Համաշխարհային պարտքի արագ աճի պայմաններում ֆինանսապես նվազ կայուն երկրները ստիպված կդիմեն պարտքերի վերակազմավորման կամ դեֆոլտի ընթացակարգերի։
Թուրքիայի պետական պարտքի ծավալը թեև մեծ չէ՝ այն կազմում է երկրի ՀՆԱ շուրջ 30%, սակայն բսվական մեծ է կորպորատիվ արտարժութային պարտավորությունները։ Ընդ որում, պարտավորությունների զգալի մասը կարճաժամկետ է և 2021 թվականին Թուրքիայի կողմից վճարվելիք պարտքի գումարը զգալիորեն գերազանցելու է երկրի արտարժութային պահուստները։ Թուրքիայի դեֆոլտը կարող է շղթայական ռեակցիայով տարածվել նաև այլ երկրներում, ինչպես դա տեղի է ունենում ճգնաժամերի ժամանակ։
Փաստացի, նման իրավիճակում համաշխարհային ֆինանսական համակարգը լուրջ փորձության կենթարկվի. Կորոնավիրուսի համավարակի հետևանքով առաջացած տնտեսական ճգնաժամի արդյունքում տեղի է ունենում վճարային ճգնաժամ, որին հաջորդում է ֆինանսական ճգնաժամը:
Ինչ վերաբերվում է Հայաստանին, ապա այստեղ պետական պարտքի ծավալը գերազանցել 8 մլրդ դոլարը և ընթացիկ տարում դեռ աճելու է՝ հասնելով ՀՆԱ շուրջ 68%֊ի։ Սա բնականաբար մտահոգիչ է՝ հաշվի առնելով նաև 2020 թվականի մակրոտնտեսական ցուցանիշների բավական մեծ անկումը։ Միայն նշեմ, որ ՀՆԱ անկումը կազմել է 9.1%, իսկ ըստ միջազգային կառույցների կանխատեսումների՝ 2021 թվականին աճը կազմելու է 1%֊ից մինչև 1.5%։ Տնտեսությունը ճգնաժամից վերականգնելու համար մեծ ֆինանսական ներարկումներ կպահանջվեն, ինչի արդյունքում պետական պարտքը կշարունակի աճել։ Սակայն, ներկա դրությամբ Հայաստանում դեռ առկա չէ դեֆոլտի բարձր ռիսկ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ ստանձնած պարտավորությունները երկարաժամկետ են։
Ամփոփելով պետք է նշել, որ համաշխարհային տնտեսության համար
բավական դժվար կլինի գոյատևել նման տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի զուգակցման պայմաններում, ինչն ուղեկցվում է համախառն պահանջարկի համատարած անկման հետ։ Տնտեսության վերականգնումը առանց վերջինիս չափազանց դժվար կլինի։ Եկամուտների անկումը, գործազրկության թռիչքաձև աճը, արտադրության էական անկումը և հարկային բազայի նվազումը աշխարհի երկրների մեծ մասի համար նշանակում է աղքատացում:
Զարգացած երկրները կարող են հաղթահարել այս իրավիճակը առաջիկա մի քանի տարում, սակայն զարգացող տնտեսությունների համար անկայունության ժամանակահատվածը շատ ավելի երկար կարող է տևել։
Կարեն Սարգսյան

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ինչպե ՞ս դուրս գալ տնտեսական ճգնաժամից

Տեղադրվել է - Փետրվար 4, 2021 0
Ինչ է պետք անել հարցին պատասխանելու համար պետք է նախ հասկանանք ճգնաժամերի պատճառները: Ըստ իս դրանք են՝ անվստահություն, անելանելիություն այսօրվա…

Արտահանման սկզբունքներ

Տեղադրվել է - Փետրվար 3, 2021 0
Կարևորը սկզբունքներն են, սկզբունքների իմացությունը կարող է փոխարինել ինֆորմացիայի չիմացությանը: Երեկ գրել էի արտահանման տեսանկյունից պրոդուկտի պայմանական արժեքի հետ կապված…

Ռուսաստանի Դաշնությունը 10 մլն եվրո գումարի անհատույց ֆինանսական օգնություն է տրամադրել

Տեղադրվել է - Դեկտեմբեր 31, 2020 0
Ռուսաստանի Դաշնությունը Հայաստանի Հանրապետության տարածքում գտնվող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված բնակչության համար իրականացվող անհատական ֆինանսական օժանդակության միջոցառումների համաֆինանսավորման նպատակով Հայաստանին…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի:

*

code