Արձանագրելով, որ 27.09.2020-09.11.2020թ. պատերազմի արդյունքների համար պատասխանատու են սկսած 1994թ֊ից բոլոր բարձրաստիճան պաշտոնյաները և որևէ ձևով քաղաքական գործադիր իշխանություն ունեցած քաղաքական ուժերը:
Ընդունելով ի գիտություն, որ գործող իշխանությունը և անձամբ Վարչապետը հրապարակային ընդունել են իրենց պատասխանատվությունը, սակայն մյուս ուժերը և նախկին բարձրաստիճան պաշտոնյաները դա չեն անում, այլ հակառակը, փորձում են ամբողջ մեղքը բարդել մեկ մարդու վրա, ինչն առնվազն արդար ու ազնիվ չէ:
Խիստ կարևորելով հատուկ քննիչ հանձնաժողովի միջոցով բոլոր հարցերի պատասխանների, խնդիրների պատճառների վերհանումն ու մեղավորներին պատասխանատվության կանչելը:
Գնահատելով, որ արտահերթ ընտրությունները խիստ անհրաժեշտ են, բայց միայն քաղաքական ուժերի լայն կոնսենսուսի միջոցով Ընտրությունների մասին օրենքը փոփոխելուց հետո:
Ընդունելով, որ իշխանափոխությունը փողոցի միջոցով և նախկինում իշխանություն ունեցած ուժերի և անհատների կողմից անընդունելի է: Փաշինյանին ընտրել է ՀՀ Քաղաքացին իր քվեարկության միջոցով և միայն ՀՀ Քաղաքացին կարող է իր քվեով փոխել:
<<Արդարություն>> կուսակցությունը
Հայտարարում է
- ՀՀ-ում առկա է քաղաքական, տնտեսական և ռազմական ճգնաժամ, որոնց լուծման ուղիների Ճանապարհային քարտեզը կից ներկայացվում է:
- Մեր պատրաստակամությունն ենք հայտնում համագործակցել բոլոր առողջ ուժերի հետ՝ վերը նշված ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ համատեղ քայլեր իրականացնելու նպատակով:
- Պատրաստ ենք տրամադրել հարթակ բոլոր անհատներին, ովքեր ունեն ծրագրեր և առաջարկներ, դրանց քննարկման, լրամշակման և հանրությանը ներկայացնելու նպատակով:
- Դատապարտում ենք բոլոր տեսակի բռնության կոչերն ու անձնական բնույթի վիրավորանքները, մարդկանց անձնական կյանքի, առողջության, արժանապատվության և ընտանիքների դեմ ուղղված բոլոր տեսակի գործողություններն ու քայլերը:
Ճանապարհային քարտեզ
Քաղաքական, տնտեսական և ռազմական ճգնաժամի հաղթահարման
- Քաղաքական
1.1 ՀՀ Նախագահի նախաձեռնությամբ հրավիրել <<Ազգային խորհուրդ>> խորհրդակցական մարմին, որտեղ պետք է ընդգրկվեն ներկայացուցիչներ բոլոր կուսակցություններից, մշակութային և մասնագիտացված միություններից, սփյուռքի հայկական կառույցներից: <<Ազգային խորհուրդ>>-ի հիմնական գործառույթը պետք է լինի՝
1.2 ՀՀ Նոր Սահմանադրության, Ընտրական և Կուսակցությունների մասին օրենքների մշակման աշխատանքային խմբերի ստեղծումն ու դրանց մշակած տարբերակներից առնվազն 75%-ի հավանությանն արժանացած տարբերակը ՀՀ Նախագահին, ԱԺ-ին և Կառավարությանը ներկայացնելը,
1.3Ըստ ոլորտների բարեփոխումների և ծրագրերի առաջարկների քննարկումն ու դրանց իրականացնող անձանց ընտրությունը, որոնց թեկնածությունը և հավանություն ստացած ծրագրերը նույնպես ներկայացվում են ՀՀ Նախագահին, ԱԺ-ին և Կառավարությանը,
1.4 Բոլոր նախարարություններին կից հասարակական վերահսկողության և խորհրդատվական մարմինների ստեղծումը և դրանց հաշվետվությունների ու զեկույցների լսումը:
1.5 Կընտրի երդվյալ ատենակալներ՝ մասնագիտական սկզբունքով, որոնք պարտադիր կարգով կմասնակցեն բոլոր նախկին պաշտոնյաների դեմ հարուցված քրեական գործերով դատական քննություններին և որոշումների ու վճիռների կայացմանը: Կմշակի և ԱԺ-ին կառաջարկի դրա համար անհրաժեշտ օրենսդրական փոփոխությունների փաթեթ:
- Տնտեսական
- Հայտարարել տնտեսական համաներում բոլոր տեսակի տնտեսական գործունեությունների համար սահմանված տուգանքների մասով, ինչպես նաև կորոնավիրուսի հետ կապված կանոնների խախտման և ռազմական դրության ժամանակ հրապարակումների հետ կապված սահմանված տուգանքների մասով:
- Բոլոր տնտեսական հենք ունեցող դատական վարույթները պետք է համաներման մեխանիզմով կարճվեն: Վարույթների կարճումը պետք է լինի անձի և պետության միջև պայմանագրի կնքման միջոցով, որը պարտավորեցնի անձին որևէ գործողությամբ կամ վարքագծով չշահարկել կարճման նյութը: Տնտեսական հենք ունեցող նախկին և ներկա վարույթները և ուժի մեջ մտած որոշումները կարճել՝ խելամիտ գումարի կամ վնասի վերակնգնման փաստով:
- Հանել մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող ընկերությունների հարկային ստուգումների օրակարգը 6 ամիս ժամկետով:
- Ստեղծել պետական երաշխավորությամբ նոր բիզնեսների վարկավորման համակարգ՝ պետության կողմից առաջնայնություն տրված ուղղություններին վերաբերվող նախագծերի համար:
- Սահմանել միայն մեկ պարզեցված հարկատեսակ՝ շրջանառության հարկ, անկախ իրավական տեսակից և շրջանառության չափից:
- Ստեղծել հանրապետական մասշտաբի մեծ նախագծեր:
- <<Հայաստան>> համահայկական հիմնադրամը դարձնել ներդրումային հիմնադրամ ԲԲԸ ձևաչափով, որը ֆինանսավորելու է 2.4 և 2.6 կետերում նախատեսված ծրագրերը:
- Ռազմական
- Բանակը պետք է լինի պրոֆեսիոնալ՝ բաղկացած հատուկ նշանակության ջոկատներից՝ բարձր վարձատրությամբ և սոցիալական հետագա երաշխիքներով:
- Մնացած բոլորը սկսած 10 տարեկանից, անկախ սեռից յուրաքանչյուր ամիս 2-7 օրով պարտադիր ճամբարների, հավաքների, զորախաղերի միջոցով ստանում են արտակարգ իրավիճակների, պատերազմի վերաբերյալ գործնական և տեսական գիտելիքներ:
- Առաջնահերթ բոլոր սահմանամերձ բնակավայրերում մշակել և ներդնել պաշտպանության համակարգեր և այլ անհրաժեշտ ռազմական շինություններ: Հետագայում այն կիրառել բոլոր բնակավայրերի համար:
- Համապատասխան ֆինանսավորմամբ և աջակցությամբ նպաստել տեղական արտադրական հնարավորությունների և հզորությունների հիմնմանը ապահովելու համար բոլոր ՀՀ բնակիչների համար անձնական քնապարկերի, զինվորական համապատասխան հագուստի, պաշտպանական միջոցների, գիշերային դիտման և կապի միջոցներով, պահանջվող քանակի վրաններով, պաշտպանիչ ցանցերով և այլն:
- Մշակել զորահավաքի առավել ժամանակակից և օպերատիվ համակարգ մեկ ժամում առնվազն 500 000-անոց բանակ մոբիլիզացնելու հնարավորությամբ:
- Ժամանակակից բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ, համապատասխան հրաձգարանների միջոցով ապահովել զենքերի տիրապետման և հմտությունների կատարելագործման հնարավորություններ:
- Մասնագիտական լուրջ քննարկումների արդյունքում ձևավորել անհրաժեշտ ժամանակակից ռազմատեխնիկական միջոցների ցանկ և քայլեր ձեռնարկել դրանց ձեռքբերման կամ հնարավորության դեպքում տեղում արտադրելու նպատակով:
- Հատուկ աջակցության և ֆինանսավորման ծրագրերով նպաստել գիտական-ռազմական նոր մշակումներին և արտադրությունների կազմակերպմանը: