Քվանտային քաղաքականություն

Տեղադրված է at Հունվար 13, 2021
1234 0

Ի՞նչ նոր գործոններ են ազդում արդի քաղաքականության վրա

Ալբերտ Այնշտայնի նման գիտնականները հայտնի են ամբողջ աշխարհում, բայց քչերն են հասկանում հարաբերականության տեսությունը կամ քվանտային ֆիզիկան: Պարզ ասած, քվանտային տեսությունը բացատրում է տիեզերքը կազմող տարրական մասնիկների վարքագիծը: Ֆիզիկոսները նկարագրում են այդ մասնիկների պահվածքը ճիշտ նույն կերպ, ինչպես լրագրողները քաղաքական գործիչների «տարօրինակ», «խորհրդավոր», «անբացատրելի», «հիմար», երբեմն նույնիսկ «սատանայական» վարքագիծը: Մասնիկները, առաջին հայացքից, ցուցաբերում են անկանխատեսելի վարքագիծ, սակայն դա միայն առաջին հայացքից, կան որոշակի օրինաչափություններ: Մասնիկները շարժվում են որոշակի ուժերի ազդեցության ներքո՝ հասնելու իրենց նպատակակետին, որտեղ ուժերը հավասարակշռված են. քաղաքական գործիչներն էլ նպատակ են հետապնդում հասարակական բարձր վարկանիշ ունենալու, ընտրությունների ժամանակ շատ ձայներ հավաքելու: Նմանություններ կան, իսկապես:

Անսպասելի քաղաքական շրջադարձերը, միևնույն հասարակական-քաղաքական երևույթի գրեթե միաժամանակ ի հայտ գալը աշխարհի միմյանց հետ գրեթե կապ չունեցող երկրներում, «քվանտային քաղաքականության» դրսևորումներ են, արտահայտություն, որը հեղինակել և շրջանառության մեջ է դրել Հայաստանի ֆիզիկոս-նախագահ Արմեն Սարգսյանը: Ֆիզիկայում, օրինակ, ժամանակին ատոմներն էին համարվում նյութի ամենափոքր և անբաժանելի մասնիկները: Այս պատկերացումն ամբողջությամբ փոփոխվեց 20-րդ դարի առաջին կեսին քվանտային ֆիզիկայի ի հայտ գալով (Պլանկ, Այնշտայն, Շրյոդինգեր, Բրոյլ, Բոր, Պաուլի, Հեյզենբերգ և այլն): Քաղաքականության մասին մեր պատկերացումները ևս պարտադիր թարմացման կարիք ունեն. անհրաժեշտաբար հարկավոր է հաշվի առնել նոր տեխնոլոգիաների և սոցիալական լրատվամիջոցների ու ցանցերի կարևոր դերը: Ֆիզիկայում, ինչպես քաղաքականության մեջ, ուղղագիծ մտածողությունն արդեն հնացած է: Մենք այժմ ապրում ենք անորոշության, անկանխատեսելիության, արագացող փոփոխությունների, խճճվածության և փոխկապակցվածության դարաշրջանում:

Քվանտային ֆիզիկան դասականից տարբերվում է այն տարօրինակ փաստով, որ դիտելիս մասնիկը ազդվում է և փոխում իր վարքագիծը, ուղին: Յուրաքանչյուր դիտարկում փոխում է ստացվող արդյունքը: Նույնը տեղի է ունենում նաև քվանտային քաղաքականության մեջ: Սոցիալական լրատվամիջոցները հնարավորություն են տալիս և՛ մոտիկ, և՛ շատ հեռու գտնվող մարդկանց հետևել իրենց հետաքրքրությունների շրջանակներում գտնվող բոլոր քաղաքական

զարգացումներին, որոշակիորեն ազդել դրանց վրա։ Այս փաստը ազդեցիկ ռեակցիաներ է առաջացնում նույնիսկ ուղղակիորեն չկապակցված տարածաշրջաններում, քաղաքական վարքի կամ որոշումների փոփոխություն է հարուցում:

Օրինակ, Մերձավոր Արևելքում տեղի ունեցող գործընթացներն արագ արձագանք են գտնում արևմուտքում քաղաքական որոշումների կայացման գործընթացների վրա. ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցչների պալատը Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունում: Կամ, սփյուռքահայերը սոցիալական ցանցերի միջոցով հետևում են Հայրենիքում տեղի ունեցող իրադարձություններին, լավ իրազեկված են և սեփական կարծիքը բարձրաձայնելով կարողանում են ազդեցություն ունենալ քաղաքական որոշումների կայացման վրա:

Քվանտային ֆիզիկայում գոյություն ունի մեկ այլ տարօրինակ երևույթ. տարրական մասնիկները կարող են գոյություն ունենալ միևնույն ժամանակ երկու, նույնիսկ մի քանի «վիճակներում»: Մարդիկ դիտում են տեսանյութեր իրենց բջջային հեռախոսներով, լրատվամիջոցներով հետևում են քաղաքական գործընթացներին, փողոցում տեղի ունեցող բողոքի ակցիաներին և պատասխանում էլեկտրոնային փոստով ստացված նամակներին՝ միևնույն ժամանակ «բնակվելով» մի քանի աշխարհում:

Քվանտային ֆիզիկայում փորձերը բացահայտում են տարրական մասնիկների ևս մի խորամանկ հատկություն. նրանք «գիտեն», որ մենք դիտում ենք և անմիջապես փոխում են իրենց հետագիծն ու վարքը։ Ավելին, նրանք նաև գիտեն, որ մենք նախատեսում ենք դիտել. մասնիկները կարող են կանխատեսել: Արդյո՞ք սա այն է, ինչ մենք անվանում ենք ինտուիցիա, տելեպատիա կամ ուղղակի ներզգայություն: Այսպիսով, խելացի քաղաքական գործիչների համար միանգամայն բնական է կանխատեսել հասարակության արձագանքը և համապատասխանաբար կարգավորել սեփական պահվածքը:

Արդյո՞ք քվանտային քաղաքականությունը նոր է: Իհարկե ոչ. Քվանտային ֆիզիկան տիեզերքում գոյություն ուներ դեռևս գիտնականների հայտնաբերումից շատ առաջ: Քվանտային քաղաքականությունը, հավանաբար, նույնքան հին է, որքան մարդկությունը, բայց կասկած չկա, որ տեխնոլոգիաները և սոցիալական լրատվամիջոցները անշրջելիորեն փոխել են քաղաքականության կառուցվածքը: Արդեն մասնագետները մաթեմատիկական մոդելներ են կիրառում քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների ազդեցությունը գնահատելու համար:

Քաղաքականության վրա ազդող գործոնները բազմազան են ու գնալով դրանք աճում են էքսպոնենցիալ կերպով: Մինչև 2005 թվականը մարդկության արշալույսից ի վեր կուտակվել էր ընդհանուր առմամբ 130 էքսաբայթ (EB) ինֆորմացիա (1 EB = 1018 բայթ): Այժմ մարդկության կողմից օրական «արտադրվում է» շուրջ 2,5 EB

ինֆորմացիա ու 2020-ի ավարտին արդեն ունեինք մոտ 41000 EB ինֆորմացիա: Ինչպե՞ս է հնարավոր վերլուծել այսքան շատ տվյալներ: Մարդն հաստատ ի վիճակի չէ: Հարկավոր է ստեղծել նոր ալգորիթմներով արհեստական բանականության նոր տեսակներ, որոնք կարող են իրականացնել այս չափազանց բարդ ու ահռելի մեծ քանակությամբ տվյալների մշակումը: Այս խնդրի լուծումն, ըստ էության, քաղաքականության համար ևս մեկ «քվանտային» ցատկ կարող է դառնալ:

 

Ատոմ Մխիթարյան, ֆիզիկոս

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Ո՞րն է լուծումը

Տեղադրվել է - Փետրվար 24, 2021 0
Սոցիալական պետության էությունն այն չի, որ պետական բաժնեմասով առողջապահական հիմնարկի տնօրենը ստանա հինգ միլիոն դրամ աշխատավարձ, իսկ համանման մասնավոր հիմնարկի…

ԻՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է - Մարտ 18, 2021 0
Սկսում եմ հոդվածների շարք, որի նպատակն է վերլուծել առկա իրավիճակը և առաջարկել լուծումներ: ՀՀ Սահմանադրություն Հոդված 1 «ՀՀ֊ն ինքնիշխան, ժողովրդավարական,…

Քաոսից դուրս գալու լուծման բանալին

Տեղադրվել է - Մարտ 7, 2021 0
Իշխանությունն ամեն ինչ անում է, որպեսզի նոր քաղաքական ուժ չձևավորվի, որ ունակ և ընդունակ կլինի երկրում հաստատել օրենքի դիկտատուրա, ապահովել…

Կուսակցությունների մասին

Տեղադրվել է - Փետրվար 1, 2021 0
ժամանակին կուսակցությունները քաղաքական գործընթացների մեջ ունեին էֆեկտիվ դերակատարություն, եթե չասենք՝ վճռորոշ: Գտնվելով քաղաքական գործընթացների կիզակետում՝ այսպես, թե այնպես, նրանք հանդիսանում…

Արտահանման սկզբունքներ

Տեղադրվել է - Փետրվար 3, 2021 0
Կարևորը սկզբունքներն են, սկզբունքների իմացությունը կարող է փոխարինել ինֆորմացիայի չիմացությանը: Երեկ գրել էի արտահանման տեսանկյունից պրոդուկտի պայմանական արժեքի հետ կապված…

Leave a comment

Ձեր էլ. Փոստի հասցեն չի հրապարակվի: Պահանջվող դաշտերը նշված են *

*

code